Jump to content

Սարգիս Ստեփանյան (փոխգնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Ստեփանյան
Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ[1], Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, Բազկամարտի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն
փետրվարի 21, 1983(1983-02-21)[2] (41 տարեկան) -
ԾննդավայրՀայաստան, քաղաք Երևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ

Սարգիս Վանիկի Ստեփանյան (փետրվարի 21, 1983(1983-02-21)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր (ԼՂՀ Նախագահի[3] և Հայաստանի Նախագահի[4][5] հրամանագրերով), հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Վանիկի Ստեփանյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին[7][8] Երևան քաղաքում։ Սարգիս Ստեփանյանի հայրն Աբովյանից է, մայրը՝ Արցախից։

Մի անգամ Սարգիս Ստեփանյանն ասել է․

Ես Երևանում եմ ծնվել, մայրս Արցախից է, հայրս՝ Աբովյանից, էստեղ՝ Երևանում են ծանոթացել, ամուսնացել։ Կինս էլ Արցախից է։ Բայց դե հայը հայ է, ի՞նչ կապ ունի՝ Արցախից լինի, թե որտեղից[9]։
- ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյան

Սարգիս Ստեփանյանը 1990-2000 թվականներին սովորել է Երևանի՝ Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում։

2000 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզկուլտուրա» բաժին։ 2001 թվականին զորակոչվելով բանակ՝ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել է 2003 թվականին, ինչից հետո շարունակել է կրթությունը Արցախի պետական համալսարանում։ Ուսումն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստության և ֆիզդաստիարակության ուսուցչի որակավորում՝ «Նախազորակոչային և ֆիզդաստիարակություն» մասնագիտությամբ[10]։

2016-2017 թվականներին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում՝ ստանալով ռազմական կառավարման մագիստրոսի աստիճան՝ «Միավորումների, զորամասերի կառավարում» մասնագիտությամբ։

Ռազմական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003 թվականներին պարտադիր զինվորական ծառայությունն անցել է ԼՂՀ պաշտպանության բանակում։

2007 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության խմբի հրամանատար։

2008 թվականի մայիսի 26-ին Սարգիս Ստեփանյանին շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում։

2010 թվականի հունիսի 1-ին շնորհվել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում։

2012 թվականի հունիսի 4-ին շնորհվել է կապիտանի զինվորական կոչում։

2014 թվականի փետրվարի 17-ին նշանակվել է հատուկ նշանակության բրիգադի հատուկ նշանակության վաշտի հրամանատար։

2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ստորին վերջույթները և աջ վերին վերջույթը[11]։

Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորված և երեք վերջույթները կորցրած Սարգիս Ստեփանյանը, որը վիրահատության ժամանակ մի քանի անգամ 20 վայրկյան տևողությամբ սրտի կանգ է ունեցել, հետո վերհիշում է վիրահատության ժամանակ տեսած երազը և ասում․

Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է։ Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ․․․ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվի․․․

Ես հաղթեցի․․․ Ես հասկացա, որ հաղթեցի պատերազմը։ ․․․Երբ արթնացա, ստուգեցի ոտքերս․․․[12]:

Ականապայթյունից տարիներ անց լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սարգիս Ստեփանյանը նշել է․

«Վիրավորումից հետո մինչև հոսպիտալ գիտակցությունս տեղն է եղել։ Վիրահատությունից հետո երրորդ օրն եմ ուշքի եկել ու միանգամից հասկացել՝ ինչ կարգավիճակում եմ, տեսել, որ ոտքերս ու ձեռքս ամպուտացված են։ Բժիշկներն անընդհատ ասում էին, որ հոգեբաններ են այցելել, ուզում են տեսնել ինձ։ Ասում էի՝ պետք չէ։ Յուրաքանչյուր ոք ամենալավը գիտի իր հոգին։ Առաջնահերթ մտածում էի՝ կարողանամ քայլել։ Տեսանյութեր էի նայում՝ ինչպես են նմանատիպ խնդրով մարդիկ քայլում ու հասկանում, որ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կարող եմ։ Դեռ չէի պատկերացնում՝ ինչպես եմ քայլելու, սակայն հասկանում էի, որ հետ բերելու ոչինչ չունեմ։

Ես թուլանալու իրավունք չունեմ, քանի որ ընտանիք, տղա երեխաներ ունեմ։ Բնական է՝ դժվար է գալ այդ գիտակցությանը, տխրում ես։ Լինում են ժամանակներ, երբ տխրում եմ, սակայն թույլ չեմ տալիս, որ հասարակությունը, ընտանիքս, շրջապատս նկատեն դա։ Կյանքը շարունակվում է։ Տխրելով, ընկճվելով ավելի ես բարդացնում կարգավիճակդ, ոչ միայն քեզ ես վնասում, այլև շրջապատիդ։ Ես միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, ունեմ ձախ ձեռքս։ Պետք է առավելագույնս կատարելագործեմ այն, որպեսզի ինձ ոտքերի փոխարեն էլ ծառայի, ձեռքիս փոխարեն էլ։ Պետք է գնահատենք այն, ինչ ունենք և օգտվենք։

Կինս՝ Արմինեն, շատ ուժեղ է։ Երբ պառկած էի հոսպիտալում, հաճախ չէի թողնում, որ բուժքույրերը փոխեն վիրակապերը։ Կինս մշակում էր վերքերս, փոխում վիրակապերս։ Տղաներս ավելի ուժեղ են։ Երբ հոսպիտալում էի, չէի կարողանում տեսնել իմ երեխաներին։ Միակ դեպքն էր, երբ թուլություն եմ դրսևորել։ Չէի ուզում նայել իրենց աչքերին, չէի ուզում, որ ինձ այդպես տեսնեն։ Ես պատրաստ չէի, իրենք, ընդհակառակը՝ անընդհատ ուզում էին գալ ինձ մոտ։ Մոտ 20 օր անց վերջապես թույլ տվեցի, որ գան։ Մտան սենյակ, սկսեցի կատակներ անել։ Շուտ շրջանցեցինք այդ թեման։ Իսկապես պատրաստ չէի։ Իրենք ուժեղ գտնվեցին, այդ հարցում միայն ես էի թույլ։ Հիմա ընդհանրապես իրենք խնդիր չունեն։ Երբեմն նույնիսկ մոռանում են, որ պրոթեզով եմ։ Ամենակարևորը՝ լավ ընտանիք, երեխաներ ունեմ։ Երազում եմ երեխաներիս հասցնել իրենց նպատակներին, տեսնել իրենց հաջողությունները և ուրախանալ։ Մնացած ամեն ինչին կհասնեմ իմ ձգտման և աշխատասիրության շնորհիվ։

— Սարգիս Ստեփանյան[13]

2014 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է հատուկ նշանակության բրիգադի տեղագրական ծառայության պետ։

2015 թվականի հունիսի 22-ին շնորհվել է մայորի զինվորական կոչում։

2019 թվականին զանգվածային լրատվության միջոցներից մեկի հետ հարցազրույց ունենալով՝ մայոր Ստեփանյանը վերհիշում է իր անցած մարտական ուղին և նշում․

«Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար։ Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ։ Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը։ Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն...

Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին։

Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը։ Ուստի բա՛վ է, բա՛վ, մի պահ կա´նգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշե՛ք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասունների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ...»

— Սարգիս Ստեփանյան[14]

Սարգիս Ստեփանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի արտաբերում «հայրենիք», «հայրենասիրություն» բառերը, պատասխանել է[15]

Ես առանձնության մեջ եմ աղոթում․․․

2019 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին՝ վերջինիս շնորհելով ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի զինվորական կոչում[16][17][18][19][20][21][22]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2006 թվականներին պարապել է ծանրամարտ։ Պատանեկան տարիներին ծանրամարտի սպորտի վարպետի կոչում է ստացել[23]։

2015 թվականից մարզվում է պրոֆեսիոնալ բազկամարտ սպորտաձևով։

  • 2017 թվականի նոյեմբերի 20-21-ին մասնակցել է Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնությանը, PIDH 80 (Physical Impairment sitting for the athletes with upper limbs impairment - sit-Down, Hand) (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի չեմպիոն[24]։ PID 75 (Physical Impairment sitting-sit-Down) (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ PID OPEN (Physical Impairment sitting-sit-Down, Open) բացարձակ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[25][26]։
  • 2018 թվականին կանգնած դիրքում, պրոթեզներով 32 կգ կշռաքարը բարձրացրել է 13 անգամ, ռեկորդ սահմանել և գրանցվել «Դյուցազնագրքում»[27][28]։
  • 2018 թվականի մայիսի 31-ին հիմնադրել և նախագահում է «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը[29][30][31][32][33]։
  • 2018 թվականի մայիսի 26-ից հունիսի 3Բուլղարիայի Սոֆիա քաղաքում Եվրոպայի բազկամարտի առաջնության ժամանակ PIDH 80 (Physical Impairment sitting for the athletes with upper limbs impairment - sit-Down, Hand) 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը[34]։
  • 2018 թվականի նոյեմբերի 19-20Լեհաստանի Ռումիա քաղաքում բազկամարտի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ PIDH 80 (Physical Impairment sitting for the athletes with upper limbs impairment - sit-Down, Hand) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[35] PID 75 (Physical Impairment sitting-sit-Down) 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, PID OPEN (Physical Impairment sitting-sit-Down, Open) բացարձակ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
  • 2019 թվականի մայիսի 14-23Հունաստանի Լուտրակի քաղաքում անցկացվել է Եվրոպայի բազկամարտի առաջնությունը, որի ժամանակ PIDH 80 (Physical Impairment sitting for the athletes with upper limbs impairment - sit-Down, Hand) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն[36]։
  • 2019 թվականի հուլիսի 6-8Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացված Եվրոպայի բազկամարտի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ PID 75 (Physical Impairment sitting-sit-Down) 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, PIU OPEN (Physical Impairment standing-stand-Up, Open) բացարձակ քաշային կարգում նույնպես զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ դառնալով առաջնության արծաթե մեդալակիր[37][38]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Ստեփանյանն ամուսնացել է 2003 թվականին։ Կինը Արմենուհի Ստեփանյանն է։ Ավագ որդին՝ Վարդանը, ծնվել է 2004 թվականին, կրտսեր որդին՝ Սերգեյը, ծնվել է 2006 թվականին։

Իր ընտանիքի մասին Սարգիս Ստեփանյանն ասել է․

Մենք բոլորս իրար հետ՝ մեկս մյուսով ենք ուժեղ լինում։ Ես տնից շատ եմ բացակայում ու եթե երեկոյան գամ ու այդ ուժեղ մթնոլորտը չտեսնեմ, ես ինձ թույլ կզգամ։ Բոլորիս ուժն է համախմբվում ու արտացոլվում ինչ-որ բանի տեսքով։ Մեկով ոչինչ չի լինում[42]։

Իր հարցազրույցներից մեկում փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն ասել է[43]

Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փոխգնդապետի կոչում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոնին․ Տոնոյանն ընդունել է Սարգիս Ստեփանյանին
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://m.shamshyan.com/hy/article/2020/02/21/1147990/
  3. Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան
  4. «Սարգիս Ստեփանյանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Արիության» մեդալը դեպքից 4 ամիս անց կանգնած է ստացել, ինքն իրեն խոստացել էր, որ անվասալյակին նստած մեդալը չի ստանալու». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Սարգիս Ստեփանյանը դեպքից չորս ամիս անց ՀՀ նախագահի կողմից Արիության մեդալով է պարգևատրվել ու մեդալը ստանալիս քայլելով է մոտեցել նախարարին։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  6. ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ…
  7. Տպավորիչ են այն բոլոր տոները, որոնք առաջնագծում եմ դիմավորել, մայոր Սարգիս Ստեփանյանը դարձավ 36 տարեկան
  8. Այսօր մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է Նյութի աղբյուրը` http://zinfm.am/?p=203&l=am
  9. Ես Երևանում եմ ծնվել, կինս Արցախից է․․․
  10. Պաշտպանության նախարարությունում նոր վաշտ էր բացվել, իմացա դրա մասին, առաջինը պապային ասացի, ինքն էլ դե՝ կռված մարդ (Սարգիս Ստեփանյանի հայրը՝ Վանիկ Ստեփանյանը, Արցախյան պատերազմի վետերան է)
  11. Կապիտան, 31 տարեկան Սարգիս Ստեփանյանը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթեց. «Աստված իրենց հետ»
  12. Կապիտան Սարգիս Ստեփանյան. Պատմություն մարդու մասին. Hayzinvor.am
  13. Զինվորին փրկած և թուլանալու իրավունք չունեցող մայոր Ստեփանյանը
  14. Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
  15. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ
  16. «Պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
  18. «Դավիթ Տոնոյանը նոր կոչում է շնորհել Սարգիս Ստեփանյանին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  19. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
  20. Դավիթ Տոնոյանը նոր կոչում է շնորհել Սարգիս Ստեփանյանին
  21. Պաշտպանության նախարարը նոր կոչում է շնորհել Սարգիս Ստեփանյանին
  22. ՀՀ պաշտպանության նախարարը նոր կոչում է տվել Սարգիս Ստեփանյանին
  23. Պատանեկան տարիներին մայոր Ստեփանյանը ծանրամարտի սպորտի վարպետի կոչում է ստացել։
  24. Մայոր Սարգիս Ստեփանյանը մի ձեռքով երեք մեդալ է նվաճել
  25. Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացվեց բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Ոսկե տուրը», որտեղ Հայաստանը պատվով ներկայացրին Սարգիս Ստեփանյանը, Խաչատուր Սարիբեկյանը և Աշոտ Ադամյանը:
  26. «Երեք վերջույթներից զրկված հայ սպան դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019-07-13-ին. Վերցված է 2019-07-13-ին.
  27. Մայոր Ստեփանյանը «Դյուցազնագրքի» հերոս է դարձել
  28. Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար հայտ եմ ներկայացնելու․․․
  29. -Նոր հասարակական կազմակերպություն ենք բացում։ Կոչվելու է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա։ Կոնկրետ սպորտաձև չենք առանձնացնելու։ Ընդհանուր գաղափար է՝ սպորտի մասին։
  30. 2017 թվականին Սարգիս Ստեփանյանը բազկամարտի աշխարհի գավաթի հաղթող դարձավ և ընկերների հետ հիմնեց ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան:
  31. Մայոր Սարգիս Ստեփանյանի ղեկավարած ՀԿ-ին ավագանին տարածք նվիրաբերեց. այնտեղ կհիմնվի մարզասրահ
  32. Քաղաքապետարանը «ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ին անշարժ գույք նվիրաբերեց
  33. Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան մարզադպրոց կունենա
  34. «ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել` հաշմանդամություն ունեցողների մրցումներում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  35. Հաշմանդամություն ստացած ԶՈւ մայորը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
  36. Հունաստանի Լուտրակի քաղաքում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաղթող է ճանաչվել ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը
  37. Սարգիս Ստեփանյանը և Սերոբ Հովհաննիսյանը արծաթե մեդալակիրներ
  38. Սույն թվականի հուլիսի 7-ին, Խորվաթիայի Զագրեբ քաղաքում` ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի անդամներ Սարգիս Ստեփանյանը և Սերոբ Հովհաննիսյանը մասնակցեցին բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը՝ դառնալով առաջնության արծաթե մեդալակիրներ։
  39. Մայոր Սարգիս Ստեփանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով
  40. Սահման պահող մարդը գիտակցում է, որ պաշտպանում է իր ընտանիքը. Սարգիս Ստեփանյան
  41. Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հայկյան մրցանակաբաշխությանը
  42. Մենք ընտանիքով՝ իրարով ենք ուժեղ. մայոր Սարգիս Ստեփանյան
  43. Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է. այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]